Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

2018-05-15 19:05:00

 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա այցն Արցախի Հանրապետություն՝ ընդգծելով ապագա դիվանագետների համար Ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախի ներկայիս զարգացումներին տեղում ծանոթանալու նշանակությունը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի խորհրդարանական դիվանագիտության պատմությունը՝ անդրադառնալով բարեկամական խմբերի ու շրջանակների ձևավորման գործընթացին: ԱԺ նախագահը, այդ համատեքստում, առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության ուղղություններին, մասնավորապես օրենսդրական փոխգործակցությանն ու Արցախի միջազգայնացմանը վերաբերող քայլերին:
Այնուհետև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ԱԺ նախագահին են ուղղել միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության հնարավորություններին, ԱՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո ԱԺ լիազորություններում տեղի ունեցած փոփոխություններին, չճանաչված երկրների հետ համագործակցությանը և էլեկտրոնային դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Վահե Գաբրիելյանին՝ դիվանագիտական շարունակական կրթության ոլորտում հետևողական աշխատանքի համար, այնուհետև ապագա դիվանագետներին խորհուրդ տվել լինել տեղեկացված, մեծացնել ծանոթությունների շրջանակը և հաճախ այցելել Արցախ, ոչ միայն հանգստանալու, այլ նաև աշխատելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ Արտաքին Գործերի  նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանդիպումից հետո հյուրերն ԱԺ նախագահի հետ շրջել են խորհրդարանի շենքում, նիստերի դահլիճում և լսել Արցախի խորհրդարանի ստեղծման պատմությունը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ