Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Պետական նախարար Արայիկ Հարությունյանը Լիբանանի Հանրապետությունում մասնակցել է ԱՐԻ ընկերության տարեկան ժողովին

2018-03-13 20:03:00

 

"Պետական նախարար Արայիկ Հարությունյանը երեկ  աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է "Արցախ Րութս Ինվեսթմընթս" ընկերության տարեկան ժողովին",- հայտնել  են  պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետական նախարարը Բեյրութի Հայ բարեգործական ընդհանուր միության "Դեմիրճյան" կենտրոնում կայացած ժողովում ունեցած ելույթով ողջունել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու բաժնետերերին և նշել, որ անցած ինը տարվա  ընթացքում ԱՐԻ-ի ծրագրերը մեծապես նպաստել են Արցախի տնտեսության զարգացմանը: Արայիկ  Հարությունյանի խոսքով՝ հայրենիքի շենացման ու զարգացման համար շատ կարևոր է ներդրումների ապահովումը, և, այդ առումով, ԱՐԻ-ի գործունեությունն օրինակելի է: 
Պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին: Նա նշել է, որ անցած տարին ամփոփվել է 15.6 տոկոս տնտեսական աճով, որը նորանկախ Արցախի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Այս հարցում Արայիկ  Հարությունյանը կարևորել է նաև ԱՐԻ-ի ունեցած ներդրումը և հույս հայտնել, որ հետայսու ևս այն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու Արցախի տնտեսության զարգացման և բնակչության կյանքի որակի բարելավման գործում:
Այնուհետև ժողովի մասնակիցներն ամփոփել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակարանաշինության առաջին փուլի արդյունքները: Նշվել է, որ համայնքի "Արիավան" թաղամասում նախատեսված 150 առանձնատնից 50-ն արդեն շահագործման է հանձնվել: Երկրորդ փուլի համար ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի կողմից նախապես կայացրած հինգ առանձնատան կառուցման որոշումը փոխվել է, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունն իր բաժին մասնակցությունն է ունենալու դրանց կառուցմանը: Արդյունքում, նոր որոշում է ընդունվել` կառուցել 20 առանձնատուն: Ժողովի ավարտին ծրագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՐԻ ընկերության նախագահ Սուրեն Սարգսյանը և "Արցախ ֆոնդ" կազմակերպության ատենապետ Մելքոն Հակոբյանը:
ԱՐԻ ընկերության տարեկան ժողովին մասնակցում էր նաև Մերձավոր Արեւելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը: 
Նշեմ, որ  պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ