Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախի խորհրդարանը ընդլայնում է միջխորհրդարանական համագործակցությունը

2017-12-22 20:12:00

 

Ազգային ժողովում այսօր հրապարակվել են Բելգիայի Թագավորության  Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը: Անդրադառնալով Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականների, հասարակական, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ Արցախի խորհրդարանի ունեցած հարաբերություններին և մատնանշելով 2015 թվականից ակտիվացած փոխադարձ այցերը՝ ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ համագործակացության առկա մակարդակը թույլ է տալիս դրանք կազմակերպված և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի՝ Բելգիա կատարած այցի արդյունքները: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է բարեկամության խմբի և շրջանակի կազմերը, որոնք ձևավորվել են ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ: Հռչակագրերի տեքստերը հրապարակելուց հետո բարեկամության խմբի և շրջանակի անդամները ստորագրությամբ հաստատել են փաստաթղթերը: "Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խմբի" նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը, իսկ "Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակի" նախագահ՝ Վահրամ Բալայանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին և 20-ին նման խումբ և շրջանակ է ստեղծվել Ֆլանդրայի և Վալոնիա-Բրյուսել դաշնության խորհրդարաններում:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ