Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին

2017-08-12 21:08:00

 

"Արցախի Հանրապետություն - Եվրախորհրդարան" բարեկամական խմբի անդամները, ԱԺ  փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ այսօր ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին:Այս մասին հայտնել են ԱԺ մամլո ծառաությունից:
Ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ Վահրամ Բալայանը նշել է. "Հնարավոր է՝ Պորտուգաիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է":
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրներում Արցախի մասին տեղեկաց-վածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացիներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:
Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ